Ադրբեջանում ոչ մի ընտրություն էլ չի լինի, ընտրությունների արդյունքը կանխորոշված է, ուստի չեղած բանի հանդեպ հետաքրքրություն չի կարող լինել: Այսօր՝ հոկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին:

Ադրբեջանի նախագահի ընտրության հարցում Հայաստանի շահերի մասին խոսելով՝ նա շոշափել է ղարաբաղյան հակամարտությունը եւ նշել, որ դրա քաղաքական կարգավորման ոչ մի հեռանկար չի նշմարվում: «Համապատասխանաբար, Հայաստանին բավարարում է սահմաններին ստատուս-քվոյի պահպանումը եւ բանակցային գործընթացի շարունակումը: Հայաստանի համար այդ առաջադրանքը Ադրբեջանի գործող նախագահը հիանալի էր կատարում: Եվ եթե շարունակի այդ քաղաքականությունը, Հայաստանի համար կլինի ընդունելի թեկնածու», - նշել է  Իսկանդարյանը՝ հավելելով, որ մոտավորապես դա էր ցանկացել ասել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: Գրանցված են 10 թեկնածուներ, որոնցից հիմնականն են Իլհամ Ալիեւն  ու Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին: