Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին պետք է կայանար «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, սակայն այն հետաձգվել է փաստաբանի չներկայանալու պատճառով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատավոր Դավիթ Հարությունյանին գրավոր տեղեկացրել է, որ անհետաձգելի գործ ունի եւ խնդրել էր հետաձգել նիստը: Դատավորը բավարարել է փաստաբանի խնդրանքը եւ նիստը հետաձգել հոկտեմբերի 8-ին:
Նշենք, որ այսօր պետք է հնչեր տուժող կողմի ներկայացուցչի եզրափակիչ խոսքը:
Հիշեցնենք, որ խոսքը «Հարսնաքար» ռեստորանում մի քանի ռազմական բժիշկների ծեծի ենթարկելու սկանդալային գործի մասին է:
Սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող Արթուր Դավթյանը պահանջել էր 13-ական տարի ազատազրկում եւ 100 հազար դրամի չափով տուգանք 6 ամբաստանյալների համար, որոնք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոմյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին կանխամտածված մարմնական վնասներ հասցնելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին., 23:00-ի սահմաններում հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:
Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:
Ոստիկանության գլխավոր քննչական կոմիտեն բոլոր կալանավորներին 3 մեղադրանք է ներկայացրել՝ ՔՕ համապատասխան հոդվածներով:





























