Ադրբեջանի ընդդիմությունը կողմ է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Հոկտեմբերի 1-ին այս մասին հեռուստակամուրջի միջոցով հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը, որը միացել է Երեւանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների առթիվ կազմակերպված քննարկումներին:

Ըստ նրա՝ իշխանամետ թեկնածուները փորձում են որոշ չափով տարբերվել նախագահից: «Եթե նախագահը կրկնում է իր հին տեսակետը, որ Ադրբեջանը հանդես է գալիս բանակցային գործընթացի կողմ, սակայն իրենց համբերությունը անսպառ չէ, ապա մյուս թեկնածուները մի փոքր այլ կերպ են խոսում, պնդելով, որ անհնար է վերադարձնել Ղարաբաղը», - նշել է Արիֆ Յունուսովը:

Անդրադառնալով այդ հարցում ընդդիմադիր ուժերի դիրքորոշմանը՝ նա ընդգծել է, որ ըստ ընդդիմության, խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով լուծել, պետք է կապեր հաստատել Ղարաբաղի հայերի հետ տարբեր բնագավառներում եւ հրաժարվել նախկին հայատյաց քաղաքականությունից: «Նրանք պնդում են, որ ղարաբաղյան հարցի լուծման մասին խոսելուց առաջ, պետք է խոսել սեփական հասարակության փոփոխության մասին, այն ավելի գրավիչ դարձնել եւ վերադարձնել Ռուսաստան եւ այլ երկրներ մեկնած ադրբեջանցիներին», - եզրակացրել է ադրբեջանցի քաղաքագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am