Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում  ներկայացվեց «ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործառութային վերլուծություն եւ բիզնես գործընթացների նկարագրություն» հաշվետվության առաջին մասը: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ուսումնասիրության պատվիրատուն ՀՀ կառավարությունն է, այն  իրականացվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակը  ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումն է:

Աշխատանքային խմբի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է նախարարության գործունեությունը կանոնակարգող իրավական  դաշտը, կատարվել է հիմնական  գործառույթների վերլուծություն, փաստացի իրականացվող գործընթացները համեմատվել են իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի հետ, ինչպես նաեւ արդի իրողություններով պայմանավորված` իրավական ակտերում  փոփոխությունների առաջարկներ են արվել: Նշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի ուսումնասիրությունները  եւ կներկայացնի ամբողջական հաշվետվություն` նախարարության բոլոր գործառույթների վերաբերյալ:

Փոխվարչապետն առաջարկել է ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները քննարկել նախարարության ստորաբաժանումների հետ, իսկ առաջարկվող իրավական ակտերում արտացոլել նաեւ տեխնոլոգիական նոր հնարավորություններով պայմանավորված մոտեցումները:

Կոլեգիայի քննարկմանը ներկայացված մյուս փաստաթուղթը «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» hայեցակարգի նախագիծն էր: Փաստաթղթի նպատակը ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության  ապահովումն է: Այն  մշակվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի կողմից` «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

Նախագծում  նկարագրված է  Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման եւ համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորման hետ կապված ներկա իրավիճակը,  ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները եւ վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձեւավորված առաջարկությունները:

Փոխվարչապետը հանձնարարել է մինչ կառավարություն ներկայացնելը լրամշակել նախագիծը: Քննարկված փաստաթղթերը կոլեգիան ընդունել է ի գիտություն: