Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ եւ վերջինիս հանցակից` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012թ. ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, պաշտոնեական դիրքը
չարաշահելով, նախնական համաձայնությամբ, քաղաքացի Մանվել Արշակյանի հետ համատեղ մասնակցությամբ պաշտոնական փաստաթղթեր է կեղծել, որոնց հիման վրա Մանվել Արշակյանը հափշտակել է դիզվառելիք` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մեղադրյալներ Բաբկեն Մկրտչյանի եւ Մանվել Արշակյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար




























