Ազգային ժողովում հատուկ ընթացակարգով քննարկվում է Հայաստանի նախագահի կողմից Ազգային ժողով ներկայացված համաներում հայտարարելու մասին առաջարկությունը։

Համաներման փաստաթուղթն ԱԺ ամբիոնից ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Նա նշել է, որ մեր երկրում բոլոր համաներումները հայտարարվել են Հայաստանի համար կարեւորագույն տոների կապակցությամբ։

Նախարարն ասաց, որ համաներման որոշման կայացման համար մեծ նշանակություն են ունեցել նախորդ համաներման արդյունքները, օրինակ՝ 2011-ի համաներումից հետո կրկնահանցագործություն է իրականացրել 1056 ազատ արձակվածների 20 տոկոսը, այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ համաներումը ծառայել է իր նպատակին: «Կա, իհարկե, հանցագործություն, բայց դրա կողքին կա նաեւ ներում, եւ Սահմանադրությունն այդ իրավասությունը տվել է նախագահին եւ Ազգային ժողովին»,- ասել է նախարարը։

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ համաներումը 1/3-րդ-ով տարածվում է հետեւյալ հանցակազմերով հոդվածների վրա՝  գողություն, խարդախություն, յուրացնելը կամ վատնելը, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, դիտավորությամբ ոչնչացնելը եւ այլն։ 

Ըստ Հ․Թովմասյանի՝ համաներումը ¼-րդ-ով կրճատում է պատժաչափի չկրած մասը հետեւյալ հանցակազմերի դեպքում՝ մարդուն առեւանգելն, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջամնառությունը եւ այլն։  Նախարարն ասաց, որ առաջին անգամ համաներում է կիրառվելու նաեւ ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը եւ այլն։ Այստեղ, նրա խոսքով, առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով եւ այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք։ Արդարադատության նախարարն ասաց, որ համաներումը տարածվելու է նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների, հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցողների, հանցագործությունը մինչեւ 16 տարեկանը կատարած անձանց, հայրենական կամ արցախյան պատերազմի մասնակիցների, մարտական գործողություններում զոհվածի ծնողները կամ զավակները։

Հ․Թովմասյանը նշեց, որ համաներումը չի տարածվելու հետեւյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, բանդիտիզմ, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական-քաղաքական գործչի սպանություն, ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն եւ այլն։