Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը։
ԼՂՀ Աժ մամուլի ծառայությունից հայտնում են, թենիստը, որի աշխատանքը վարում էր Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփեց անցած շրջանում կատարված աշխատանքները և ճշտեց առաջիկա անելիքները։
Նշվեց, որ դեռևս հունվարին հաստատված ծրագիրը՝ ըստ նախատեսված միջոցառումների, հիմնական մասով կատարվել է։ Միևնույն ժամանակ, աշխատանքներ էին տարվում հերթական ծրագրային միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ։ Մասնավորապես, արդեն ավարտին են մոտենում «Արցախի ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» ընդհանուր խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։ Այն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 4-5-ին՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում։
ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ գիտաժողովին, բացի Արցախի գիտական ոլորտի ներկայացուցիչներից, հրավիրված են և զեկուցումներով հանդես կգան պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ ու վերլուծաբաններ նաև Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, աշխարհի այլ երկրներից։ Գիտաժողովի աշխատանքները կտարվեն երեք բաժանմունքներում՝ ըստ թեմատիկ ընդգրկումների։
Նիստում քննարկվեցին նաև հարցեր՝ կապված ծրագրով նախատեսված և մինչև տարվա վերջ իրականացվելիք այլ միջոցառումների հետ, տրվեցին կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։





























