Հայաստանի նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:  NEWS.am-ի թղթակցի  հարցը լսելով՝ կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, Հովսեփյանը պատասխանել է հարցով. «Իսկ ինչի՞ էք այդ հարցը ինձ տալիս»: Երբ հիշեցրեցինք, որ ընդամենը 3 հոգի է դեմ քվեարկել, նա արձագանքեց. «Մյուսների մեջ փնտրեք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Ազգային Ժողովում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում: Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը, անվավեր են ճանաչվել երկու քվեաթերթիկներ: Մինչ քվեարկությունը քաղաքական ուժերը հայտնել էին, թե ինչպես են քվեարկելու: «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն ազատ էր թողել իր պատգամավորներին, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» նշել էին, որ կողմ են քվեարկելու, եւ միայն «Բարգավաճ Հայաստանը» չէր հայտնել իր դիրքորոշումը: