Ազատամարտիկների խնդիրների աստիճանական լուծումը գտնվում է իշխանությունների օրակարգում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա իր ելույթում նաեւ նշել է. «Վերջին մի քանի տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ Հանրապետության ղեկավարը դիմում է Ազգային ժողովին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությամբ: Այս փաստն ինքնին խոսում է հանդուրժողականության եւ մարդասիրական արժեքների առկայության մասին:

Կրկնակի կարեւոր է, որ համաներման արդյունքում պատժից ազատվելու են նաեւ Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները: Սա վկայությունն է այն բանի, որ ազատամարտիկների խնդիրների աստիճանական լուծումը գտնվում է իշխանությունների օրակարգում:

Երկրորդ, արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից էական է մեր երկրի պատրաստակամությունը Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Սա կարող է Հայաստանին հնարավորություն ընձեռել ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու իր միջազգային քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերը: 

Երրորդ, օրերս Սոչիում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որտեղ մեր երկրի առաջնորդը հստակ ազդակներ հղեց թե՛  ներքին եւ թե՛  արտաքին լսարանին:

   ա. Հայաստանը ՀԱՊԿ հետագա զարգացմանը մոտենում է ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման դիրքերից:

   բ. Հայաստանի համար գերխնդիր է Արցախի անվտանգության ապահովումը եւ նրա միջազգային ճանաչումը:

   գ. Մեզ համար ընդունելի չէ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ցուցաբերած միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հարցում:

Անվիճարկելի է ՝ Արցախի անվտանգությունն ու անկախությունը քաղաքական կոմպրոմիսի առարկա լինել չեն կարող»: