Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1-ին կայացած արտահերթ նիստում 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել  մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը եւ դեկտեմբերի 14-ը:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը:

Ամփոփելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ողջ գործընթացը` վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որեւէ խախտում չի արձանագրվել: