Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացածների ինքնությունը հայտնի է: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ վարորդը եղել է Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա Սահակ Զորյանը:
Զոհվել են նաեւ ուղեւորներ Երեւան քաղաքի բնակիչներ 40-ամյա Արտակ Գեւորգյանը, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը եւ 36-ամյա Կարինե Անտոնյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի հայրը եղել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժնի պետի տեղակալ, Սահակ Զորյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատում է որպես տեղամասի պետ, իսկ Արտակ Գեւորգյանը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել էին «ԿԱՄԱԶ» մակնիշի 708 OO 64 համարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) եւ «Նիսան» մակնիշի 18 LO 318 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել էին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) եւ մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը այդ պահին պարզել չէր հաջողվել: «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը եւ ուղեւոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին բավարար:




























