ԱԻՄ-ը սերունդների համար է ստեղծված, իսկ այսօր օրակարգում, ոչ պակաս կարեւոր ռազմավարական «Բացարձակ ժողովրդավարության» ծրագիրն է, որը եւս պիտի ծառայի սերունդներին: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա հիշեցրեց, որ ուղիղ 26 տարի առաջ Հայաստանում ստեղծվել է «Ազգային ինքնորոշում միավորումը» (ԱԻՄ), որը ողջ կոմունիստական կայսրության մեջ առաջին այլընտրանքային, այսինքն հակակայսերական, հակաբռնապետական եւ ժողորդավարական կազմակերպությունն էր: Հայրիկյանի խոսքով՝ դա հայ ժողովրդի մեծագույն ներդրումն էր համաշխարհային քաղաքականության մեջ:
«Սակայն այդ իրողության մատուցումը կարող էր ավելացնել արժանապատիվ եւ քաղաքացիական պատասխանատվությամբ լեցուն մարդկանց քանակը, դրա համար էլ լռության մատնեցին»,-ընդգծեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























