Վարչական դատարանը երկու անգամ վերադարձրել է «Բարեւ Երեւան» դաշինքի հայցը՝ տրանսպորտի վարձավճարի բարձրացման դեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյան։
Ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ անհիմն, անօրինական պատճառաբանություններով են վերադարձրել հայցը: Նա շեշտեց, որ Հայաստանի արդարադատությունը սպանվել եւ սպանվում է, դա արվում է միտումնավոր, պատվերով, բացահայտ ցինիզմով, գործում է հեռախոսային արդարադատություն:
Խմբակցության ներկայացրած հայցադիմումում մեկ տասնյակից ավելի խախտումներ են թվարկված, որոնցով ուղեկցվել է քաղաքապետի որոշումը։ Օրինակ՝ ուղեվարձի թանկացման համար պետք է չորս գործոններ լինեին, սակայն դրանք չեն եղել: «Օրենքի խախտումով թանկացում է եղել, հայցով պահանջվում է, որ քաղաքապետը առաջնորդվի հասարակության շահերով, ոչ միայն ուղեւորափոխադրողների: Ընդունվել է նորմատիվ ակտ, որի իրավունքը չուներ, նման ակտ կարող է ընդունել ԱԺ-ն, ուղեվարձ սկսել են գանձել այն ժամանակ, երբ ակտը հրապարակված չի եղել։
Առաջին անգամ Անահիտ Բախշյանի անվամբ մուտքագրված հայցը վերադարձնելուց դատավորը պատճառաբանել է, թե «երկու ընկալումների մեջ եմ տատանվում, թե Անահիտ Բախշյանը ձեզ բոլորիդ է ներկայացնում»,-ասաց Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանն ապշած է, քանի որ երբեւէ նման խնդիր չի ծագել, որովհետեւ խմբակցության ղեկավարը պետական մարմինների հետ հարաբերություններում ներկայացնում է խմբակցությունը։ Հայցը վերադարձնելիս դատարանը պահանջել էր նաեւ տուրք վճարել, տրոլեյբուսների հայցադիմումը առանձնացնել միկրոավտոբուսների, ավտոբուսների հայցդիմումից, «երեք պահանջ, երեքն էլ՝ ապօրինի, կամայական»։ Խմբակցությունն ուղղարկել է երկրորդ հայցը։ «Էնքան թուղթ ենք կցել, որ խմբակցութունում էս վեցս ենք, էս վեցս ստորագրում ենք, կցեցինք արձանագրությունը, Երեւանի քաղաքապետի որոշումները, վկայականների, անձնագրերի պատճեններ, որ հանկարծ չասեն, թե կարող է տեսականորեն դուք վեցը չեք, յոթն եք, ամեն ինչ ներկայացվել է։ Սա անելուց հետո ստանում ենք զավեշտալի որոշում։ Դատավորը ստել է, թե ում համար եք բողոքարկում, ում շահով եք առաջնորդվում, կոպիտ ասած՝ ձեր քյարը ո՞րն է, որ բողոքարկում եք, հետո ի՞նչ, որ խախտում է եղել։ Վլադիմիր Գասպարյանի հայտնի խոսքը հիշեցի՝ դուք գողակա՞ն եք, Արծրուն Միրզոյան, թե՞ դատավոր»,- հարցնում է Ստեփան Սաֆարյանը։
Ավագանու անդամը նշեց, որ ամբողջ չորս էջ դատավորը գրել է, «թե ում շահն եք ներկայացնում: «Իր էությամբ գողական բացատրություն, թե քեզ ինչ էլի, ինչի՞ եք մռմռում, որ օրենք է խախտվել»,-ասաց Սաֆարյանը։ Ավագանու անդամը շեշտեց, որ օրենքը չի պարտավորեցնում, որ ամեն անգամ նամակ գրեն դատարանին եւ բացատրեն, թե «ինչ փորացավ ունեմ, ում շահն եմ ներկայացնում, չի կարելի այսքան ցինիկ լինել եւ թքել քաղաքացիների երեսին, նման կատարածոները եմզ ուղղակի քշում են մեր երկրում»։
Ստեփան Սաֆարյանը առավել քան վստահ է, որ եթե նամակ գրեն եւ ասեն, որ հանրության շահն են ներկայացնում, դատավորը կպահանջի լիազորագրեր հանրությունից։





























