Երեւանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով որպես նվեր տրամադրվել է համակարգչային սերվեր՝ համապատասխան սարքավորումներով:

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ կնքված համագործակցության ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր:

Հրաչյա Մուրադյանն ու Սուրեն Թամրազյանն այցելել են Ստեփանակերտի «Սանմաքրում» ՀՈԱԿ, ծանոթացել կազմակերպության աշխատանքի կազմակերպման սկզբունքներին: Քաղաքապետարանի կողմից կառույցին որպես նվեր համակարգիչ է տրամադրվել:

Երեւանի պատվիրակությանն ընդունել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հրաչյա Մուրադյանը, Երեւանի քաղաքապետի անունից ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավաստիացրել, որ Երեւանի քաղաքապետարանի փորձը Ստեփանակերտի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով տարվող երկկողմ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Ոլորտների պատասխանատուները Ստեփանակերտի քաղաքապետին նաեւ զեկուցել են գործակցության ծրագրի շրջանակում աշխատանքների ընթացքի, գրանցված արդյունքների եւ հետագա անելիքների վերաբերյալ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: