«Բարեւ Երեւան» դաշինքը պատրաստվում է դիմել Արդարադատության խորհրդին՝ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին կարգապահական տույժի ենթարկելու պահանջով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ եթե արդարադատության խորհուրդը նրան չզրկի դատավորի կարգավիճակից, Հրայր Թովմասյանը կրելու է պատասխանատվություն նրա հետ միասին։
Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ որեւէ մեկը նրան թույլ չի տվել անգամ սեփական տանը նման արդարադատությում իրականացնել, նման ցինիզմով մեկնաբանել օրենքը, զրկել մի ողջ խմբակցության ոչ միայն իրավունքից, թքել հասարակության երեսին, կանաչ լույս վառել նրա ունեզրկմանը։ Նա շեշտեց, որ ավելի տղամարդկային կլինի, եթե դատավորը կանգնի եւ ասի, որ Սերժ Սարգսյանը զանգել է իրեն եւ ասել, որ մերժեն հայցը։
Դրանից բացի՝ խմբակցությունը պատրաստվում է նաեւ բողոքարկել այդ որոշումը, դիմելու են Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով չեղյալ ճանաչել Վարչական դատարանի որոշումը եւ վարույթ ընդունել իրենց երկու հայցերը։
Հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո էլ կդիմեն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան։ Ստեփան Սաֆարյանը զգուշացնում է՝ Հայաստանի արխիվից վերացնել նման խայտառակությունը (խոսքը «Բարեւ Երեւանի» տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ Վարչական դատարան ներկայացված երկու հայցերը մերժելու որոշումների մասին է՝ իրենց անհեթեթ պատճառաբանություններով-խմբ):
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























