Թող հասարակությունը գնահատական տա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում Գլխավոր դատախազի պաշտոնին առաջադրված Գեւորգ Կոստանյանի քվեարկության արդյունքներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունն անհամասեռ մարմին է, կան հատվածներ, որոնք իրենց են ընդդիմություն կոչում, ինքը ամբողջի անունից չի կարող խոսել։ «Մեր խմբակցության ժամանակ երբեք խնդիրը չէինք անձնավորում: Միայն այն, որ նա պարտավորվում է ներկայացնել գործող նախագահի ծրագրերը, մենք դեմ ենք այդ քաղաքականությանը, ոչ թե այդ անձին։ Կարիք չկա անձնավորել խնդիրը եւ ասել ես իրեն սիրում եմ, կամ չեմ սիրում: Եթե ընդդիմադիրը չի կիսում իրականացվող քաղաքականությունը, տրամաբանությունը հուշում է որ պետք է դեմ քվեարկեր, առանց անձնավորելու։ Առավել եւս, երբ դատախազի նշանակման հետ կապված առկա էր թարմ, սկանդալային իրադարձություն՝ Սուրեն Խաչատրյանի որդուն, թիկնապահին արդարացնելը»,- ասաց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, որոնցից դեմ են եղել միայն 3-ը:
Սա լուրջ աժիոտաժ է առաջ բերել ընդդիմադիր ուժերի շրջանում, քանի որ 7 պատգամավոր ունեցող ՀԱԿ եւ 5 պատգամավոր ունեցող «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, սակայն փաստացի դեմերը 3-ն են եղել, եւս 2 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ «ժառանգություն» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք պնդում են, որ դեմ են քվեարկել: ՀԱԿ-ից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ-ում նույնպես պնդում են, որ իրենց բոլորը դեմ են քվեարկել (Հրանտ Բագրատյանը հրաժարվել է հայտարարել, թե ինչպես է քվեարկել):
Քվեարկությանը չեն մասնակցել «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























