«Բարեւ Երեւան» դաշինքը կմասնակցի քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ քննարկվելու են Երեւանի տրանսպորտի խնդիրները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց, որ այդտեղ հավաքված են այն քաղաքացիները, որոնք մի անգամ դեմ են կանգնել այս պրոցեսին։ «Եթե կեղծ եւ ապօրինի գործողությունները շարունակվեն, էլի լինելու ենք տրանսպորտներում, փողոցներում, թույլ չենք տալու, որ ուղեվարձը թանկանա։ Իրենց սխալ հաշվարկը այս անգամ ավելի վատ պրոցեսի է տանելու»,- ասաց նա։
Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ քաղաքապետի կողմից ստեղծված հանձնաժողովը պաշտպանում է Տարոն Մարգարյանին, փորձում են դրանով թոզ փչել հանրության աչքերին, թե լուրջ մասնագետներ են հավաքված եւ ինչ-որ բաներ են քննարկում, իրականում ոչինչ էլ չի քննարկվում, դրա համար «Բարեւ Երեւանը» չի մասնակցում այդ ձեւական հանձնաժողովի աշխատանքներին։
«Բարեւ Երեւանի» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ շեշտեց, որ հանձնաժողովն ապօրինի է, ձեւավորում են, հետո որոշում են կայացնում խորհուրդներ ստեղծել։ Իսկ տրանսպորտի թանկացման որոշումները անօրինական են, դրանք պետք է վերացվեն, ոչ թե լրամշակվեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























