Սոթքի ոսկու հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կառուցել նոր արտադրամաս՝ ներդնելով «Ալբիոն» տեսակի տեխնոլոգիա, որը մշակված է Xstrata ընկերության Ավստրալիական ստորաբաժանման կողմից:
Տեխնոլոգիան իր մեջ ներառում է հանքաքարից հարստացված խտանյութ ստանալը, այդ խտանյութի գերմանր (10-12մկրն) աղացումը եւ թթվածնի օգնությամբ խտանյութի սուլֆիդային մասի օքսիդացումը:
Քանի որ ներդրումները գերազանցում են 300 մլն դրամը՝ կազմելով 9.1 մլրդ դրամ, ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում ստանալու համար:
Կառավարության համապատասխան որոշումը կկայացվի հոկտեմբերի 3-ի նիստում:
«Ալբիոն» տեխնոլոգիան կներդրվի Արարատի ոսկու վերամշակման գործարանում: Նոր տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս մետաղ կորզել ցանկացած ծանր հանքաքարից, ինչը հին տեխնոլոգիաներով հնարավոր չէ։ Իսկ Սոթքի ոսկու հանքավայրում նման ծանր հանքաքարերը բարձր կշիռ են կազմում, հետեւաբար՝ «Ալբիոնը» հնարավորություն կտա էապես բարձրացնել հանքավայրի շահագործման արդյունավետությունը։





























