Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վրացի լրագրողներին մեղադրել է սիրողական մակարդակ ունենալու եւ անտեղյակության համար: Լրատվական գործակալությունների ղեկավարների եւ տարբեր հեռուստաալիքների թոք-շոուների հաղորդավարների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ պատասխանատու է իր խոսքերի համար, իսկ վրացի որոշ լրագրողների մեկնաբանությունների հետ չի կարող համաձայնել:
«Հաճախ ձեր խոսքերում, այնպես, ինչպես շատ լրագրողների խոսքերում, սիրողական մակարդակ եւ հարցի վերաբերյալ անտեղյակություն է զգացվում, անտեղյակություն տնտեսությունից: Տնտեսությունն այն ոլորտը չէ, որ ցանկացած լրագրող կարողանա քննադատել: Դա այնքան էլ հեշտ չէ: Չի կարելի մակերեսորեն խոսել տնտեսության մասին, ասել, որ տնտեսությունում լճացում է, ասել, որ խոստումները չեն կատարվում: Դա վիրավորական է», - ընդգծել է Իվանիշվիլին:
Վարչապետի գնահատմամբ՝ նախորդ տարում նոր իշխանությունները գերակատարել են խոստումները: Նա հավելել է, որ կառավարությունը «լուրջ սխալներ» թույլ չի տվել:
«Ինչ վերաբերում է խոստումներին, դրանք գերակատարվել են: Ինքս էլ չէի ակնկալում, որ այդքան արդյունավետ կաշխատենք եւ կարճ ժամկետում այդքան բան կկարողանանք անել»,- ասել է Իվանիշվիլին:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների վիճակին, ըստ վարչապետի՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում մեծ փոփոխություններ եղան:
«Երկրորդ հարցը ձեր գնահատականներն են: Ես չեմ նվազեցնում լրատվամիջոցների նշանակությունը: Դուք իրոք չորրորդ իշխանություն եք եւ մեծ գործառույթ ունեք: Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի տեղեկատվությունը ձեզ համար հեշտ հասանելի լինի: 2012թ. խորհրդարանական ընտրությունները բեկումնային էին մամուլի ազատության տեսանկյունից: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե իշխանությունները ճնշում են լրատվամիջոցներին», - Բիձինա Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում «Ինտերպրեսնյուզը»:





























