Ընդդիմադիր պատգամավորների երեկվա պահվածքից պարզ դարձավ, որ թեեւ նրանք քննադատում ու ցեխ էին լցնում կառավարության վրա, քվեարկության ժամանակ դրսեւորեցին իրենց անձնական վերաբերմունքը  գլխավոր դատախազի թեկնածուի նկատմամբ: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ  Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով  գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուի երեկվա քվեարկությունը:

Թեեւ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններ հայտարարեցին , որ դեմ են քվեարկելու Գեւորգ Կոստանյանին, գաղտնի քվեարկության արդյունքում միայն երեք հոգի էին դեմ քվեարկել: Ընդ որում՝ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների 8 պատգամավորներ պնդում էին, որ Կոստանյանի թեկնածությանը դեմ են քվեարկել:

«Եթե դեմ քվեարկեին, ութ ձայն կլիներ: Ամենայն հավանականությամբ ընդդիմադիր պատգամավորներն իրենց անձնական դիրքորոշումն են արտահայտել: Կարծիք կա, որ եթե խոսքն ընդդիմության մասին է, ապա այն անպայման պետք է դեմ քվեարկի: Ամբողջ աշխարհում այդ ըմբռնումը վերացել է, չկա քաղաքական մեծամասնություն կամ փոքրամասնություն հասկացություն: Իսկ Հայաստանում եթե ընդդիմությունը «ոչ» չի ասում, դավաճան է համարվում: Սակայն պետք է հաշվի առնել, որ իշխանությանն «այո» կամ «ոչ» ասողներն անհատներ են»,- ասել է Սահակյանը:

Հարցին՝ արդյոք հավանական է, որ դեմ քվեարկող երեք պատգամավորները հենց ՀՀԿ-ից լինեին, նա միանշանակ բացառող պատասխան տվեց.  «Հայտարարել են, որ դեմ են քվեարկել Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») եւ  Նիկոլ Փաշինյանը: Երրորդն էլ ամենայն հավանականությամբ Արամ Մանուկյանն է (ՀԱԿ),  որը շատ «ջերմ» էր արտահայտվում իշխանությունների մասին: Ըստ երեւույթին, նույն ջերմությամբ էլ դեմ է քվեարկել»:

Միաժամանակ Գալուստ Սահակյանը բացառել է արդյունքները կեղծելու հավանականությունը, քանի որ եթե անգամ 13 պատգամավոր դեմ քվեարկեր, դա ընդհանուր պատկերը չէր փոխի:

ՀՀԿ փոխնախագահ ը նաեւ կարծում է, որ չի կարելի ուժեղ «ծեծել» ընդդիմությանը, որպեսզի նրան ինչ-որ կերպ «տեղաշարժվելու» հնարավորություն ընձեռվի,  որպեսզի այն կարողանա ձեւավորվել, ամրանալ, քանի որ դա անհրաժեշտ է  պետությանը: Դիտողությանը, թե այսօրվա իր պահվածքով ընդդիմությունն ինքնաոչնչացման է գնում, Սահակյանը պատասխանեց. «Նոր ընդդիմություն կձեւավորվի, քաղաքական դաշտն ազատ չի մնա»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am