«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանը տեղեկություն չունի՝ համաներումը կազդի՞ իր կալանավորված եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանի վրա, թե՝ ոչ: Նվեր Մնացականյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խոսել է նրա փաստաբանի հետ, ով ասել է՝ այսօր վաղը կպարզվի ամեն ինչ: «Փաստաբանը դեռ ուսումնասիրում է, չի կարողանում հստակ բան ասել, այսօր էլ ավարտվի ԱԺ-ի քննարկումը, կերեւա ինչ հոդվածների վրա են կանգնել: Ես ոչ միայն հույս ունեմ, որ նա անտեղի է գտնվում կալանավայրում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այս դեպքում պետք է համաձայն չլինենք համաներմամբ նրա ազատ արձակվելուն կամ պատժաչափի կրճատմանը, հաղորդավարը նկատեց. «Այդպիսի հերոսություն ո՞վ կանի»:
Նշենք, որ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում:





























