Հայաստանի ԱԺ-ում երկրի գլխավոր դատախազի պաշտոնի քվեարկության ընթացքում կեղծարարություն է տեղի ունեցել եւ ես պահանջում եմ, որ ձայները վերահաշվարկվեն՝ լրագրողների ներկայությամբ, որպեսզի կեղծիքը բացահայտվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը, ընդգծելով, որ համոզված է, որ ՀԱԿ-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել Կոստանյանի թեկնածությանը:

Սարգսյանի խոսքով՝ «ինքն ամբողջ գիշեր մտածել է եւ առավոտյան եկել այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում բլեֆ է տեղի ունեցել». կամ էլ քվեաթերթիկների լցոնում է տեղի ունեցել: Գուցե արդյունքներն են կեղծվել: Նա նաեւ խոստովանել է, որ անձամբ չի ստուգել քվեաթերթիկների պարկերը, այլ ստուգել է միայն նա, որի համար ինքն էր պատասխանատու: «Կարծում եմ, որ «դեմ» քվեները ինչ-որ կերպ թաքցվել են, հնարավոր է, որ իմ անուշադրության պատճառով: Տեսել եմ, որ եղել է երկու անվավեր քվեաթերթիկ: Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ինչ-որ բան փոփոխվել է: Հնարավոր չէ, որ «դեմ» քվեարկեր ընդամենը երեք հոգի»,-ընդգծել է Սարգսյանը:

Իր խոսքում Սարգսյանը նշել է նաեւ հաշվիչ հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանի անունը: Վերջինս իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բոորն են տեսել «կողմ» եւ «դեմ» քվեաթերթիկները եւ ոչ ոք չի առարկել: Սարգսյանն Ավետիսյանին ասել է, որ քվեաթերթիկները պետք է պահվեն հանձնաժողովի քարտուղարի մոտ: Վերջինս ընդգծել է, որ հաշվիչ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները հստակեցված չեն եւ առաջարկել է լրացնել այդ բացը: Սարգսյանը նշել է, որ ինքը պետք է հատ-հատ նայեր բոլոր քվեաթերթիկները, իսկ Ավետիսյանը ասել է. «Դե, նայեիք»:

Սարգսյանի խոսքով՝ տեղի ունեցածը նախապես ծրագրված էր եւ ուղղված էր ընդդիմության դեմ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, իսկ գաղտնի քվեարկության արդյունքում դեմ քվեարկել էր միայն երեք պատգամավոր: