Հայաստանը գենդերային հավասարության ոլորտում որոշակի իրավական դաշտի ստեղծման կարիք ունի, ինչը կմեծացնի քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը: Այս մասին հոկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խնդիրների վերաբերյալ շատ խոշոր ուսումնասիրություններ են կատարվել:
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը գենդերային հավասարության հարցի լուծմանն ուղղված առաջին քայլն է: Նաեւ շատ կարեւոր է, որպեսզի հասարակության մեջ այն ճիշտ ընկալվի», - նշել է Ջյուն Զեյթլինը, սակայն հրաժարվել է որեւէ գնահատական տալ Հայաստանում կանանց եւ տղամարդկանց հավասարության վիճակի վերաբերյալ:
Նշենք, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը Հայաստանի ԱԺ-ում ընդունվել էր ընթացիկ տարվա մայիսին:





























