Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար, ծրագրի թիմի ղեկավար Ադրիանա Դամյանովային, եւ քննարկել Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Ողջունելով հյուրերին` Արամ Հարությունյանն ընդգծել է պարբերական հանդիպումների արդյունավետությունը:
Կողմերը քննարկել են, մասնավորապես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) ՀՀ օրենքը եւ դրանից բխող կանոնակարգերը:
«Բնապահպանության նախարարությունն ինտենսիվ աշխատում է համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը կատարվում է որակյալ մասնագետների միջոցով: Պետք է նշել նաեւ, որ Ձեր գլխավորությամբ իրականացվող աշխատանքները տալիս են իրենց զգալի արդյունքները»,- նշել է նախարար Հարությունյանը:
Ադրիանա Դամյանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել լավ աշխատանքի համար, որի արդյունքը համարել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդգրկումը Ազգային Ժողովի օրակարգում: «Սա մեծ առաջընթաց է եւ ձեր նախարարությունը ծանրակշիռ դեր ունի այդ հարցում»,-փաստել է Դամյանովան:
Կողմերը քննարկել են նաեւ հանքերի պոչամբարներին վերաբերող խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին երկուստեք կարեւորվել է ձեռնարկի հրապարակումը, որն օգտակար ուղեցույց կլինի ոլորտի մասնագետների վերապատրաստման համար: Ծրագրում նախատեսվում է նաեւ այնպիսի հավելվածներ, որոնք պետք է օժանդակեն ազդակիր համայնքներում առողջական խնդիրների առաջացման կանխարգելմանը:
Ավարտին բնապահպանության նախարարը կարեւորել է հաճախակի հանդիպումների անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը նույնպես հիմնված կլինի փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա:





























