Հայաստանի մեկնածների շուրջ 60% դժգոհ են արտագաղթելու իրենց կայացրած որոշումից, սակայն այս կամ այն հոգեբանական պատճառներով լռում են, չեն ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում են ինքնախաբեության: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանում կայացած «Արտագաղթի հոգեբանությունը» թեմայով գիտաժողովի ժամանակ:
Այս երեւույթը հոգեբանության մեջ կոչվում է էմոցիոնալ անհաջողության հերքման փուլ: Մեկ այլ հարցում ցույց է տալիս, որ արտագաղթողների շուրջ 80% դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Այս եւ մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ դեր է խաղում:
Հայաստանի եւ Արցախի պետական սեկտորի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը եւ դրա իրականացման արդյունքները;
Ինչպես նշում են գիտաժողովի կազմակերպիչները` իրենք ակնկալում են պայքարել արտագաղթի դեմ ոչ պետական սեկտորի գործիքակազմով, որը ներառում է բազմաթիվ միջոցներ, եւ որոնք այսօր մատնված են անգործության:
Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Ինչպես նշեց նախաձեռնության հիմնադիրներից մեկը` իրենք որոշել ենք արտագաղթի դեմ պայքարի ծրագիրը դնել հասարակական հետազոտությունների հենքի վրա:





























