Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին, որի ժամանակ քննարկվել է հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու առկա խնդիրները: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաեւ ավարտական աշխատանքները  օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը:

«Ազգային լեզվի հարցը քննարկման առարկա  չի կարող դառնալ: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կրթության լեզուն հայերենն է:  Սակայն մենք դեմ չենք լինի, եթե զուգահեռ բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում մասնագիտական խմբերի համար լրացուցիչ նման պահանջ դնեն»,- ի պատասխան նշել է նախարար Ա. Աշոտյանը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում Գյոթեի համալսարանի  ներկայացուցչության՝ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի գործունեությանը եւ բուհական համակարգի հետ հիշյալ կենտրոնի  հարաբերությունների խորացման  հնարավորություններին: ՀՀ ԿԳ նախարարը, շեշտելով, որ գերմանական կողմի՝ DAAD-ի   կողից հատկացվող ամենամյա կրթաթոշակները   Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման  կարեւոր խթաններից  են, շնորհակալություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի համար: Միաժամանակ նախարարը, դիմելով դեսպանին, մտահագություն է հայտնել, որ Գերմանայի  Հալլե  Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնն ունի ֆինանսական միջոցների խնդիր:

Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանն  ակնկալում է Գերմանիայի կառավարության եւ պարոն դեսպանի աջակցությունը: Դեսպան Ռայներ Մորելը  իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որ խնդիրը կարգավորի: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ենայի համալսարանում նախատեսվում է բացել Կովկասագիտության կենտրոն, որի կազմում անպայման  կլինի  նաեւ հայագիտական ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գերմաներենի դասագրքերին ու դպրոցներում գերմաներենի ուսուցման խնդիրներին վերաբերող մի շարք հարցերի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am