Հայկական ավիաընկերությունները կարող են հարկային արտոնություն ստանալ` օդանավեր ձեռքբերելիս: ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է մի օրինագիծ, որով օդանավ գնելիս ավիաընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
«Ներկա փուլում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի բնագավառում կա լարվածություն եւ աշխատանքներ են իրականացվում հայկական օդանավ շահագործողներին օդային փոխադրումների շուկա ներգրավելու ուղղությամբ, ինչպես նաեւ` իրականացվում է փոքր ավիացիայի զարգացման գործընթաց»,-նշված է կառավարություն ներկայացրած տեղեկանքում: Նշվել է, որ օդանավ գնելիս վճարվող ավելացված արժեքի հարկը լուրջ խոչընդոտ է հայկական ընկերությունների համար` արտասահմանյան ավիաընկերությունների հետ առաջացնելով մրցակցային խնդիրներ:





























