Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, բնականաբար նա կարող է մտնել ցանկացած պետական կառույց:
Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Նա տեղյակ չէ՝ երեկ Սամվել Ալեքսանյանը այցելել է քաղաքապետարան, թե ոչ, հանդիպում ունեցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ՝ եթե որեւէ քննարկում եղած լիներ, իրենք պաշտոնապես տեղյակ կպահեին:
Վարչության պետը նաեւ կանխատեսեց՝ ասելով, թե հնարավոր է ինքը եկել է ոչ թե Տարոն Մարգարյանի մոտ, այլ Դավիթ Օհանյանին մոտ, ում հետ շատ լավ հարաբերություններ ունի:
Իսկ Երեւանի փոխքաղաքապետ, Սամվել Ալեքսանյանի մտերիմ Դավիթ Օհանյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Սամվել Ալեքսանյանը երեկ այցելել է Երեւանի քաղաքապետարան, մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ մտնելը նա մտել է Դավիթ Օհանյանի աշխատասենյակ:
«Եկել էր իր ընկերոջը բարեւի, մի բաժակ ջուր խմի եւ իջնի քաղաքապետի մոտ ընդունելության»,- ասաց Դավիթ Օհանյանը:
Իսկ թե ինչ էր պատրաստվում ԱԺ պատգամավորը քննարկել Տարոն Մարգարյանի հետ, նա տեղյակ չէր:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ երեկ ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երեւանի քաղաքապետարան եւ հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր։ Պատգամավորը, սակայն, ավելի կարեւոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի կապված է եղել «Երեւան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ։ Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը եւ ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների եւ հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























