Հայ առաքելական եկեղեցու Լիբանանի թեմի առաջնորդի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել եւ այդ կապակցությամբ որեւէ տարաձայնություն կամ դժգոհություն չի արտահայտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Լիբանանում «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով, Լիբանանյան թեմի առաջնորդի հանդեպ վերաբերմունքը նորմալ է եղել, նրա հանդեպ հարգանքով են վերաբերել, նրա պատվին հատուկ ճաշ է կազմակերպվել: Պարզապես, նա արդեն տասնութ տարի այդ պաշտոնում է եղել եւ կարող է այլ թեմ անցնել, ասել է Քանդահարյանը, հավելելով, որ դրանք հարցեր են, որոնք պետք է ներքին կարգով լուծվեն:
Նա հաղորդել է, որ Լիբանանյան թեմի առաջնորդ Գեղամ Խաչերյանը հայտարարել է իր հրաժարականի մասին երկրի հայկական համայնքի Ազգային հավաքի ժամանակ: «Կարծում եմ՝ առաջիկա օրերին նոր Ազգային հավաք տեղի կունենա, որի ընթացքում հայ համայնքը նոր հոգեւոր առաջնորդ կընտրի»,-եզրափակել է Քանդահարյանը:
Հիշեցնենք, որ Լիբանանյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը հոկտեմբերի 2-ին հրաժարական է տվել: Ներկայումս այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Հարություն Կոստանյանը, որը նաեւ զբաղվում է նոր հոգեւոր առաջնորդի ընտրության աշխաանքների նախապատրաստություններով:





























