Մեր երկրում մարտի 1 է տեղի ունեցել, կեղծված ընտրություններ  եւ շատ հանգիստ այդ նույն միջազգային գործընկերների աջակցությամբ «մարսվել» է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին  պատվիրակության կազմից հանելու որոշումը:

«Այնպես որ, տարածված հայտարարությունը,  կարելի է ասել, շատ ավելի մեծ գործընթաց է: Ինչ վերաբերվում է  վիրավորելուն, ապա Զարուհի Փոստանջյանը ընդամենը հարց է տվել: Իսկ հարց տալը, չեմ կարծում, վիրավորանք է պարունակում: Այն դեպքում, երբ հարցը մամուլում եւ հասարակության մեջ շրջանառվող թեմա է, ուստի Զարուհի Փոստանջյանի մոտ նման հարց է առաջացել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ԱԺ նախագահի որոշումը որակեց որպես Զարուհի Փոստանջյանի գործունեության խոչընդոտում : «Որքան էլ փորձեն այդ հոդվածները առաջ բերել, այնտեղ հստակ վիրավորանքի մասին է խոսքը գնում: Իսկ, եթե հարցադրումը ինչ-որ ձեւով վիրավորանք է պարունակում, ապա շատ  հանգիստ կարող են իրեն դատի տալ: Բայց այն ինչ արվում է, դա ընդամենը իր լիազորությունների սահմանափակում է»,- առաջարկեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ինչպես Հայաստանում , այնպես էլ ԵԽԽՎ-ում Փոստանջյանին ընտրել է ժողովուրդը եւ նա ուղիղ հարցերի տեր է: «Մնացած բոլոր հարցերում  կա դատարան, կարող են դատարան դիմել, իսկ քաղաքական առումով, եթե հասարակությունը դժգոհ լինի, հաջորդ ընտրություններում իր  գնահատականը կտա: Բայց մինչեւ այժմ միայն դրականն եմ լսել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հաշվի առնելով  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  է  ենթակետը`  հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ եւ մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- նշել էր ԱԺ նախագահը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am