Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով՝ Հայաստանն այլեւս աղքատ երկրների խումբ չէ, փոխադրվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու՝ ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ՝ Համաշխարհային բանկից, ոչ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից: Եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75 % տարեկան տոկոսադրույքով, ապա  2007-8 թվականներից արտոնյալ վարկերը նվազում են, սկսում են ավելի թանկ պայմաններով առաջարկել:

Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ այսուհետ Հայաստանը արտոնյալ վարկեր չի ստանալու, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթի: Սրանով էլ բացատրվում է եվրաբանդերի թողարկումը, որն իրականացվեց սեպտեմբերի 18-ին՝ 700 մլն դոլարի չափով:

Նախարարը եվրաբոնդերի թողարկումը պայմանավորեց նաեւ մի շարք այլ գործոններով: Նախ՝ պետակա պարտատոմսերի բացակայության պայմաններում Հայատանի մասնավոր հատվածը վատ պայմաններով եւ բարձր տոկոսներով է միջոցներ ներգրավում միջազգային շուկաներից:

Բացի այդ՝ եվրաբոնդերի թողարկումը թույլ է տալիս դիվերսիֆիկացնել երկրի արտաքին պարտքի ֆինանսավորումը:

Դ. Սարգսյանը նշեց նաեւ, որ վերջին 30 տարում միջազգային շուկայւոմ այսպիսի ցածր տոկոսարույքներչեն եղել՝ 1%-ից ցածր: Սակայն համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, սպասվում է, որ առաջիկայում սկսելու է տոկոսների բարձրացում: Այդ պատճառով մի շարք զարգացող երկրներ որոշել են պարտատոմսեր թողարկել ներկայում, ոչ թե 1-2 տարի հետո: