Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը արդեն 8 օրն է ինչ հացադուլ եւ 3 օրն է, որ ջրադուլ է հայտարարել: Ավելին` նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, հատկապես ջրադուլը ինչքան երկարում է, այնքան կյանքին սպառնացող վտանգը մեծանում է: «Նրա հետ հանդիպումներ ունենում եմ եւ օր-օրի վիճակը վատանում է: Սակայն վճռական է տրամադրված եւ փորձելու է ամեն կերպ հասնել արդարության: Նա պահանջում է, որ կալանքի հարցը օրինական ձեւով քննեն, օրենքին համապատասխան հիմնավորված որոշում կայացնեն, քանի որ մինչ օրս հնչեցված որոշումները ակնհայտ անհիմն են»,- ավելացրեց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արամ Մուղալյանը սեպտեմբերի 2-ին էլ էր հացադուլ հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Սակայն նրա հետ տարվող աշխատանքների արդյունքում նա դադարեցրել էր հացադուլը :
Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարած կալանավորը մեղադրվում է ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ:





























