Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Թբիլիսիում մահացած Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանի մոտ, նախնական, դիահերձման արդյունքում, հայտնաբերվել է աղիքի ոլորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Նա նշեց, որ Վրաստանում արված դիահերձման պատասխանը կլինի 20-30 օրից, եւ վերջնական պարզ կլինի երիտասարդ դասախոսուհու մահվան պատճառը: «Ճնշումը իջել է, դրանից է կոմայի մեջ հայտնվել: Ինքը սուր ցավեր էր ունենում ստամոքսի շրջանում, դեղեր էր խմում, որոնք նաեւ իր հետ տարել էր»,- ասաց Սամվել Առաքելյանը: Իսկ Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկը ստամոքսի խոց ուներ, նա թունավորվել է դեղորայքից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը: Աղջիկը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ֆրանսերեն էր դասավանդում, Թբիլիսի էր գնացել որպես թարգմանիչ՝ տուրիստների հետ: Գյուղապետը նշել է, որ նա ամուսնացած չէր, ունի մեկ քույր, ով ամուսնացած է, ապրում է եղբոր եւ ծնողների հետ: Իսկ թե ինչն է եղել երիտասարդ աղջկա մահվան պատճառ, ապա, գյուղապետի փոխանցմամբ, նա թունավորվել է, դեղ է խմել փորացավի դեմ, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ չեն կարողացել կյանքը փրկել:





























