Հայաստանի ԱԳՆ-ում հոկտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:

Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվել է հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել  ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել է միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: