Կիեւից Բաքու ուղարկված 22-ամյա Ասատուր Խաչատրյանի հարազատները  մինչեւ հիմա չգիտեն, թե որն էր այդ թյուրիմացության պատճառը, որի հետեւանքով իրենց որդին հայտնվել էր Բաքվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասատուր Խաչատրյանի մայրը` Անուշ Խաչատրյանը: Նա նշեց, որ մինչեւ հիմա իրենց ոչ փոխհատուցել են բարոյական վնասի համար, ոչ էլ՝ ներողություն խնդրել:

«Տղայիս անգամ հարցաքննության չեն կանչել: Ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբր իրավապահները բացահայտել են  Հայաստանի քաղաքացուն Կիեւից Բաքու ուղարկելու հարցում բոլոր մեղավորներին»,- ասաց տղայի մայրը:

Նրա խոսքով՝ որդին, թեեւ դեպքից հետո ավելի լռակյաց է դարձել, բայց հիմա ամեն ինչ նորմալ է:

Ավելի վաղ Ասատուրի մայրը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել էր. «611 չվերթի փոխարեն 601 են գրել: Երբ բարձրացել է ինքնաթիռ, նոր է հասկացել, որ Բաքու է թռչում: Ասել են` ոչինչ, դու գնա Բաքու, մենք քեզ Երեւան կճանապարհենք: Օդանավակայանում, որ հարցնեք, կպատմեն իմ վիճակը: Հոգեկանս խախտվել էր, գիտակցությունս կորցրել էի: Ում ուղեղի մեջ կտեղավորվի, որ որդին գնա իրա ոտքով թուրքի մոտ գերի ընկնի: Բա ծնողը ո՞նց կարար այդ ցավին դիմանալ: Փառք Աստծո, այս ամենը լավ ավարտ ունեցավ Կարմիր խաչի անմիջական աջակցությամբ»:

Օրեր առաջ էլ AnalitikaUA.net-ը տեղեկացրել էր, թե Կիեւի մարզի դատախազությունը լրացուցիչ ստուգում է իրականացրել եւ բացահայտել բոլոր մեղավորներին եւ սահմանել նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցները: