«Բանդայի» պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը համաձայն չէ համաներման հետ, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: «Իմ պաշտպանյալն անմեղ է, հետեւաբար մտածել՝ համաներումը կտարածվի՞ այդ մարդու վրա, թե չի տարածվի, երկրորդական, երրորդական հարց է»,- նշեց Հովիկ Արսենյանը:
Հարցին, որ եթե տվյալ հոդվածի վրա տարածվի համաներոմւ, չե՞ն համաձայնելու, նա պատասխանեց. «Բնականաբար մենք ասում ենք, որ անմեղ ենք: Այն ապացույցներով, որոնք այս կամ այն հոդվածներով այս մարդու վրա դրել են, շինծու եւ արհեստական են: Սակայն ամբաստանյալը կհամաձայնի, թե չի համաձայնի, դատարանը պարտավոր է համաներում կիրառել»,- ավելացրեց Հովիկ Արսենյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:





























