Ուկրաինան եւ Ադրբեջանը պայմանագիր են կնքել, որի համաձայն Դոնեցկի «Թոփազ» պաշտպանական ոլորտի գործարանի արտադրանքը կմատակարարվի Ադրբեջանին: Ուկրաինական զինվորական mil.in.ua պորտալը չի բացառում, որ խոսքը «Կոլչուգա» ռադիոտեխնիկական հետախուզության կայանի մասին է:

Պորտալի նկարագրությամբ՝ այդ տեխնիկան թույլ է տալիս հայտնաբերել եւ ճանաչել ցամաքային, օդային եւ ծովային թիրախները՝ մնալով անտեսանելի: Քանի որ համակարգը հետախուզում է իրականացնում պասիվ ռեժիմում, այսինքն ռադիոճառագայթներ չի արձակում, ուստի այն հայտնաբերելը շատ դժվար է, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Կոլչուգա» համալիրը բաղկացած է երեք կայաններից: Այն ունակ է բարձր ճշգրտությամբ որոշել ցամաքային եւ ծովային թիրախները, դրանց շարժման երթուղիները մինչեւ 600 կմ խորության եւ 150 կմ հեռավորության վրա եւ 800 կմ օդային տարածքում:

Այս համակարգերից ունեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Վիետնամի, Վրաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Եթովպիայի բանակները: