34-ամյա Տարոն Վարդանյանը տախտակով ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝  իր մոր հետ կոպիտ խոսելու համար: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Տարոն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 22-ի առավոտյան իր մոր՝ Սուսաննա Թ.-ի եւ կնոջ՝ Ռոզա Հ.-ի ընդհանուր խոսակցությունը լսելով եւ տեղեկանալով համաքաղաքացի Մառլեն Խ.-ի կողմից մոր հետ կոպիտ եւ վիրավորական տոնով խոսելու մասին, պարզաբանումներ ստանալու նպատակով նույն օրը` ժամը 08:30-ի սահմաններում Մառլեն Խ.-ի առանձնատան բակում հանդիպել է վերջինիս եւ բակից վերցնելով տախտակի կտորը առնվազն չորս հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ձախ ձեռնաթաթի 2-րդ նախադաստակային ոսկրի փակ կոտրվածք, աջից ստորին ծնոտի անկյան քերծվածք, իրանի գոտկային շրջանի ձախից, ձախ հետույքի եւ ձախ սրունքի շրջանների արյունազեղումներ, առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 113  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ): Սույն հոդվածը պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: