«Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորումը (ԻՇԻՊ) Թուրքիային մի քանի օր է տվել բացելու թուրք-սիրիական սահմանային Բաբ ալ-Հաուա եւ Բաբ ալ-Սալամ անցակետերը, հակառակ դեպքում իսլամականները սպառնում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Անկարայում եւ Ստամբուլում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ անցակետերը փակվել էին թուրք-սիրիական սահմանագծի որոշ հատվածներում ռազմական գործողությունների ուժգնացման հետեւանքով:
Արաբագետը նշեց, որ ԻՇԻՊ-ը ներկա զարգացումների համատեքստում չի գնա ահաբեկչական գործողությունների Թուրքիայում, քանզի Թուրքիան համարվում է սիրիական ընդդիմության դոնորներից մեկը, եւ այն դեռեւս մնում է տարանցիկ երկիր իսլամականների համար:
«Ուստի գնալ նման ահաբեկչական բռնարարքների Թուրքիայի նկատմամբ, նշանակում է ընդդեմ քեզ տրամադրել սիրիական ընդդիմության մի զգալի հատվածը: Եթե, այնուամենայնիվ, նման ահաբեկչական գործողություններ տեղի ունենան թուրքական քաղաքներում, ապա դրանց հետեւում կանգնած կլինեն, հավանաբար, թուրքական իշխանությունները՝ նպատակ հետապնդելով էլ ավելի խորացնել սիրիական ընդդիմադիր ճամբարում առկա հակասությունները»,-ասաց նա:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ Արեւմուտքն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները սիրիական ընդդիմադիր ճամբարից նախընտրել են այդ ընդդիմության աշխարհիկ եւ չափավոր ուղղություններին՝ զգալի աջակցություն տրամադրելով վերջիններիս:
Վերոհիշյալ ընդդիմադիր զանգվածը սուր քննադատության է ենթարկվել ընդդիմության առավել ծայրահեղական թեւը ներկայացնող ուժերից՝ հատկապես ԻՇԻՊ-ից, իսկ վերջին օրերին ընդդիմության շարքերում ռազմական բախումներ են սկսվել, որոնք գնալով ինտենսիվանում են:
«Վերջիվերջո, իսլամականները Սիրիայում կանգնելու են ընտրության առաջ՝ կամ նրանք մնալու են Սիրիայում եւ շարունակելու են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից պարտիզանական մարտեր վարել՝ ընդ որում հարձակումներ իրականացնելով հարեւան երկրների նկատմամբ, կամ նրանք որոշելու են հեռանալ, իսկ նրանց հեռանալու ճանապարհը անցնում է այն երկրների միջով, որտեղից նրանք ներթափանցել են Սիրիա: Երկու դեպքում էլ Թուրքիան չի շահում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























