Մասիսում 45-ամյա Վարուժան Գեւորգյանը ծեծել է եղբոր նախկին կնոջը եւ անառակաբարո գործողություններ կատարել անչափահաս աղջիկների մոտ: Մասիս ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 45-ամյա Վարուժան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 1-ին վիճաբանել է եղբոր նախկին կնոջ` Քրիստինե Գ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով, ապա նաեւ ավելով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետեւ Վարուժան Գ.-ն 2013թ. հուլիսի 24-ին դարձյալ դիտավորյալ քարով հարվածել է Քրիստինե Գ.-ի գլխին եւ նրան պատճառել ֆիզիկական ցավ: Բացի այդ Վարուժան Գ-ն 2013թ. օգոստոսի 22-ին իրենց տան բակում ակնհայտ 16 տարին չլրացած Վ. Գ.-ի եւ վերջինիս անչափահաս ընկերուհու`Մ. Գ.-ի սեռական բնազդը գրգռելու, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու համար կատարել է անառակաբարո գործողություններ:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100- պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 142 հոդվածի 1-ին մասով (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























