Ռուս գիտնականի մասնավոր մեկնաբանությունը facebook-յան փոսթի տակ, ռուսական ղեկավարության բուռն դժգոհությունն է առաջացրել: Նախագահ Պուտինն էլ նրան «ապուշ» է կոչել: «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերում ինտերնետում ռուս գիտնականի առաջարկությանը՝ Արկտիկայի ղեկավարումը միջազգային հանրությանը հանձնելու վերաբերյալ: Իրականում ոչ մի առաջարկություն էլ չի եղել, իսկ սոցցանցում ուղղակի փոսթերից մեկի տակ քննարկում է եղել:

Պուտինը նշել է, որ Արկտիկան Ռուսաստանի անբաժանելի մասն է եւ այդպես է լինելու նաեւ հետագայում: Մինչեւ Պուտինին հասնելը, Սերգեյ Մեդվեդեւին ով ասես քննադատել է, իսկ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, որ դա «խայտառակություն է»:

Ժիրինովսկին ու իր կուսակիցներն էլ պահանջում են անմիջապես աշխատանքից հեռացնել գիտնականին: Իր հերթին Մեդվեդեւը հայտարարել է, որ պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ իր մեկնաբանությունն արվել է քննարկման ժամանակ, հաղորդում է NEWSru.com-ը: