Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցները ոստիկանների ու մաքսավորների հետ համատեղ կանխել են Վրաստանից Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստան զենք մատակարարող հանցախմբի գործունեությունը:
Հանցագործները խորամանկ սխեմա էին մշակել. Սահմանով զենքն անցկացնելու համար կլորիկ գումարով տաքսիստների էին վարձում, որոնք չգիտեին՝ ինչ են տեղափոխում: Զենքը ծանրոցների անվան տակ էր քողարկվում: Ավազակներն իրենք սահմանը հատում էին օրինական կերպով՝ առանց որեւէ ապօրինի բեռ մոտներն ունենալու, եւ տաքսիստներին դիմավորում էին Ռուսաստանում՝ նշանակված վայրում:
Ծանրոցները պատվիրատուին հանձնելուց տաքսիստներից մեկին բռնելու գործողությունը անցկացվել է «Ներքին Զարամագ» մաքսակետից ոչ հեռու: Երբ ավտոմեքենան անցել է մաքսային ստուգումը, այն բռնել են ԱԴԾ-ի աշխատակիցները, հայտնում է Life News-ը:
Ավտոմեքենայի խուզարկման արդյունքում առգրավվել է CZ-75 ատրճանակ եւ դրա համար հինգ միավոր զինամթերք: «Ծանրոցի» հասցեատերը մաքսանենգ խմբավորման ղեկավար, Հարավային Օսիայի 32-ամյա բնակիչ է եղել:
Այս պահին որոնում են զենքի ապօրինի մատակարարման մեխանիզմի կազմակերպիչներին ու նրանց համախոհներին, նաեւ պարզում են հանցախմբի ունեցած կապերը՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու համար:





























