Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ ինքնասպանության փորձ կատարած 65-ամյա Արտուշ Մարգարյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հիվանդանոցից հայտնեցին, որ նա դուրս է գրվել սեպտեմբերի 30-ին:
«Բավականին լավ վիճակում էր. կարողանում էր քայլել կողմնակի օգնությամբ: Խոսակցականը չի վերականգնվել, բայց բառեր արտասանում է պարզ: Ստիպել է, որ իրեն դուրս գրեն, քանի որ Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացումն է»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նշենք, որ Երեւանում սեպտեմբերի 28-ին, բացվել է Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որին Բուդապեշտում կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հուշարձանի բացումը նվիրված է Գուրգեն Մարգարյանի տարեդարձին. սեպտեմբերի 26-ին կլրանար նրա 35-ամյակը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել, նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ վիրահատել:
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան իսկույն ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























