Ոչ Վերաքննիչ դատարանների նախագահները, ոչ էլ Վճռաբեկ դատարանի նախագահը վթարի չեն ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

«Հայաստանում կա երեք վերաքննիչ դատարան, քրեական, քաղաքացիական, վարչական: Այդ դատարաններից որեւէ մեկի նախագահը ծառայողական մեքենայով վթարի մասնակից չի եղել: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Արման Մկրտումյանը ոչ թե վերաքննիչ դատարանի, այլ՝ Վճռաբեկ դատարանի նախագահն է, նշեմ, որ պարոն Մկրտումյանն էլ չի դարձել որեւէ ՃՏՊ մասնակից»,- ասաց Արսեն Բաբայանը:

Նշենք, որ «Իրավունքը» գրել էր, որ մի քանի օր առաջ Վերաքննիչ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, վարելով իր ծառայողական մեքենաներից մեկը, բախվել է մեկ այլ մեքենայի, որի հետեւանքով մի քանի հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Սակայն այս վթարը չի գրանցվել ոստիկանությունում, որի հետ կապված կփորձենք տեղեկություններ ստանալ հենց ոստիկանությունից»,-գրում է «Իրավունքը»: