Դեռ հայտնի չէ, թե երբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա նշեց, որ Տիգրան Առաքեյանին ազատ արձակելը հնարավոր կլինի, երբ դատարանը նման որոշում կայացնի, բայց մինչեւ որոշումը ինչքան ժամանակ կտեւի, չի կարող ասել:
«Հնարավոր է եւս մեկ-երկու միջնորդություն ներկայացնենք, որից հետո կսկսվի ճառերով հանդես գալու փուլը: Ճառերը շատ կարեւոր դատավարական փուլ են, պետք է հետազոտված ապացույցների վերլուծությամբ հանդես գան, մենք պահանջում ենք, որ Տիգրան Առաքելյանը անմեղ ճանաչվի եւ արդարացվի: Մինչեւ վերջ դա ենք պահանջելու, որ նա արդարացվի, որովհետեւ նա որեւէ հանցանք չի գործել, իր նկատմամբ են հանցանք գործել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին, եթե իրենք միջնորդություններ չներկայացնեն, հնարավոր է ավելի շուտ լինի ազատ արձակումը, այսինքն՝ դատարանը անցնի ճառերի փուլին, հասցնի խորհրդակցական սենյակից վերադառնալ եւ հնարավոր է հենց տեղում Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի: Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դեռ միջնորդությունների հարցը պետք է քննարկի իր պաշտպանյալների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից հետո, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:





























