Ադրբեջանում շարունակվում է «քարոզարշավ» կոչվող շոուն՝ նվիրված այդ երկրի կայանալիք «ընտրութուներին»:
Չնայած ԵՄ կողմից հնչող մտահոգիչ հայտարարություններին, քարոզարշավը ընթանում է հակաժողովրդավարության եւ ճնշման ոգով: Այդ առումով ամենանշանակալին կարելի է համարել Հանրային հեռուստատեսության եթերում կազմակերպվող բանավեճերը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախօրեին տեղի ունեցած բանավեճի ժամանակ թեկնածու Հաֆիզ Հաջիեւը կրկին ընդդիմությանը կոչել է դավաճանների հավաքածու եւ Ջամիլ Հասանլիին հարցրել է, թե ինչու են ընտրողները նրան քշել Գյանջայից: Նրա խոսքով՝ երբ իշխանության գլխին կանգնած է եղել Ազգային ճակատը, դրա նախագահ Ալի Քերիմլին եւ Մուսավաթ կուսակցության ղեկավարը երկրից միլիոնավոր դոլարներ է հանել, որոնցով «հայ գործարար Գրիգորյանի հետ Ֆրանսիայում հյուրանոց են կառուցել»:
Որպես իր ասածների ամենածանրակշիռ ապացույց Հաջիեւը նշել է, որ Հասանլին հայերի հետ «բարեկամական կապեր ունի», քանի որ նրա աղջիկն ամուսնացել է օտարերկրացու հետ, որը հայկական արմատներ ունի: Թեկնածու Ֆարաջ Գուլիեւն էլ Հասանլիին մեղադրել է նրա մեջ, որ վերջինս հստակ պատկերացում չունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին:
Ի պատասխան Հասանլին մեղադրել է բանավեճը վարողին, որ նա չի ընդհատում թեկնածուերին, երբ նրանք «վիրավորում են ադրբեջանցիներին»: Ընդդիմադիր թեկնածուն իշխանություններին մեղադրել է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:





























