Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:
Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական եւ այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության նախագահին զեկուցել են նաեւ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

































