Հայտնի իտալացի սցենարիստ, կինոռեժիսոր ու կինոքննադատ Կառլո Լիցցանին ինքնասպանություն է գործել 92 տարեկան հասակում ՝ ցած նետվելով Հռոմի իր տան պատուհանից: Այդ մասին է հաղորդում ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:

Կառլո Լիցցանի ծնվել է Հռոմում 1922 թվականի ապրիլին: Իր գործունեությունը կինեմատոգրաֆում նա սկսել է քննադատությունից  եւ սցենարներ գրելով իտալական նեոռեալիզմի այնպիսի հայտնի վարպետների համար, ինչպիսիք են Ռոբերտո Ռոսսելինի, Ջուզեպե դե Սանտիսը եւ Ալբերտո Լատտուադան: Այնուհետեւ  աշխատել է Միլանում՝ որպես ռեժիսորի օգնական:

Լիցցանին հայտնի է դարձել «Պատմություն աղքատ սիրահարների մասին», «Գործընթաց Վերոնայում», « Ավազակները Միլանում», «Խելառ Ջո», «Մուսսոլինի. վերջին գործողություն» ֆիլմերով:

Նրա վերջին «Մեինա հյուրանոցը» գեղարվեստական ֆիլմը էկրան բարձրացավ 2007թ.-ին: Վերջին տարիներին ռեժիսորը շարունակում էր աշխատել փաստագրական ֆիլմերում եւ հեռուստատեսությունում: 2013թ.-ին Ջանի Բոցցակկիի հետ համատեղ նա թողարկեց «Նեոռեալիզմ. մենք միայն «հեծանիվներ առեւանգողներ» չէինք»  ֆիլմը: Նա արժանացել Իտալիայի պետական բարձրագույն մրցանակների: