Ես իմ հարցով պետք է խայտառակեի Սերժ Սարգսյանին, խայտառակությունը այն է, որ մեր բնակչության 35 տոկոսը աղքատ է, քաղցած է։ Մեզ խայտառակողը հենց Սերժ Սարգսյանն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Վարկաբեկման առումով մենք շուտվանից արդեն խայտառակված եւ վարկաբեկված ենք, մեկուկես միլիոն մարդ ցեղասպանության ենթարկվեց հարյուր տարի առաջ, այսօր անկախ Հայաստանում արտագաղթել է մեկուկես միլիոն մարդ, այդ խայտառակ անձանց միջոցով է, որ նման հանգրվանի ենք հասել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի՝ կազինոյում 70 միլիոն եվրո պարտվելու վերաբերյալ փաստեր ունենալուն, պատգամավոր ասաց, որ ապացուցման խնդիր չկա, հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն, այդ մասին բազմիցս արտահայտվել է հենց իր մերձավոր շրջապատի կողմից։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը իր պատասխանով իր բարոյական կերպարը ներկայացրեց, ընդունեց, որ  կորցրել է, միլիոններ չունի, երջանիկ կլիներ, եթե ունենար, մարդկանց չարությունը բարությունը չափում է միլիոններով։

Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ այդ անձը հայ ժողովրդին վերաբերում է այնպես, ինչպես կազինոյում, դնում է եւ խաղում, ու կորցնում այդ մարդուն, այսինքն՝ որդեգրված է հայ մարդուն կորցնելու քաղաքականությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am