Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երեւանյան պատվիրակությունում առայժմ զերծ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելուց:

Միեւնույն ժամանակ, ԱՊԱ-ի տեղեկություններով, ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հասարակայնության հետ կապերի  բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հաղորդել է, որ ԿԽՄԿ-ն արդեն տեղեկացված է միջադեպի մասին. «ԿԽՄԿ-ն ադրբեջանական կազմակերպության աշխատակիցները եղել են Ղազախի շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Այդ կապակցությամբ կոմիտեն բանակցում է երկու երկրների պաշտոնական կառույցների հետ»:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ ժամը 4-ի շրջանում: Տուժողներից մեկը՝ 35-ամյա Վեզիր Վելիեւը, բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, իսկ 40-ամյա Ալի Ալիեւի մասին տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ միջադեպից հետո նա չեզոք գոտում է, նրա վիճակն անհայտ է: Երրորդ բնակիչը՝ 30-ամյա Հագանի Մագերրամովը, չի տուժել, ներկայումս նա միջադեպի վերաբերյալ ցուցմունքներ է տալիս: Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն շրջանառում են տեղեկություններ, որ այդ մարդիկ «հովիվներ» են: